Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Քաղբանտարկյալներն Արևմուտքի համար լոկ միջոց են

Քաղբանտարկյալներն Արևմուտքի համար լոկ միջոց են
23.12.2008 | 00:00

ԽԱՂԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է
Արագացող աշխարհում իներցիոն մտածողությունը, իսկապես, դատապարտված է: Ճկունությունը եղել և մնում է քաղաքականության թիվ մեկ նոմինանտը: Հենց այդքան էլ ճկուն Արևմուտքը` ի դեմս ԵԽ-ի մոնիտորինգային զեկույցի առաջարկների, սեղմեց կովկասյան, առավել ստույգ` հայաստանյան բեռնաթափի «պեդալը»: Ով կմնա թափանվի տակ` կախված կլինի խաղացողների ճկունությունից:
Անկեղծ լինենք. Հայաստանում այդ որոշումն ուրախացրեց բոլորին: ՈՒմ` ինչպես: Բացառությամբ Սերժ Սարգսյանի մի քանի կողմնակիցների: Ամենաշատ ուրախացածները, իհարկե, Քոչարյանն ու Օսկանյանն են. վերջինս նույնիսկ «օգլասիլ րեչ»: Չենք մոռանում նաև ՀՅԴ-ին, որը շատ «թաքուն» էր ուրախանում. հենց Փարիզից: Իսկ թե որքան է ուրախացել ԲՀԿ-ն, հետաքրքիր չէ. կասեն` ուրախացիր, ԲՀԿ-ն կուրախանա, կասեն չէ` չէ:
Որքան էլ պարադոքսալ, այս խաղում ամենաքիչ ուրախացածներն ընդդիմադիրներն են: Որովհետև նրանցից լավ ոչ ոք չգիտի` ինչ ասել է արևմտյան կոնյունկտուրա: Նրանցից լավ ոչ ոք չի հասկանում, որ մոնիտորինգային այդ առաջարկները չեն արվել ընդդիմության «սիրուն աչքերի համար»: Ինքը` Տեր-Պետրոսյանն է ասել` Հայաստանի իրական թշնամին ոչ թե Ադրբեջանը, այլ միջազգային հանրությունն է: Այնպես որ, մոնիտորինգային խմբի առաջարկները «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» ոսկե կանոնի վրա կառուցված կոնյունկտուրա են, ուր Արևմուտքը խոշոր կասկադով անկյուն է քշում հայաստանյան իշխանություններին, ավելի ստույգ` Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս առաջիկայում սպասվող երկու երկրների նախագահների հանդիպմանը ստորագրի սկզբունքներ պարունակող համաձայնագիր:
Իսկ անկյուն է քշում, որովհետև համոզված է, որ Ռուսաստանն այնքան էլ չի ուզում, որ այդ համաձայնագիրը ստորագրվի, ինչն էլ նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանը, իմա` Սերժ Սարգսյանը, ևս այն չի ստորագրի:
Իհարկե, առանձին հարց է. ի՞նչ է` Ադրբեջանը համաձա՞յն է ստորագրել, որ այսպես բոլորը ձեռ ու ոտ են ընկել:
Բոլոր դեպքերում, Արևմուտքը, իսկապես, ինչպես նախորդ «դարերում», երբ հայոց 16-րդ հարցը դարձրեց 61-րդ և փորձեց թղթե շերեփով կարգավորել հայոց ցավոտ ճակատագիրը, այսօր` «հազար դար անց» ևս, առաջնորդվում է նույն սկզբունքով:
Զի ճակատագիրն ու նրա դասերը, ասել ենք հազար անգամ, կրկնվելու «փիս խասիաթ» ունեն, ու եթե ազգություն, պետություն չենք դարձել, վճարելու ենք կրկնակի դաժան:
Դառնանք մեր «բանաձևին». ԵԽ-ի մոնիտորինգային զեկույցի առաջարկների հրապարակումն ապացուցում է, որ ինչպես մարտի մեկին, երբ Լևոն Զուրաբյանը բանակցում-բանակցում էր ԱՄՆ-ի դեսպանատան հետ, սրանք ասում էին` «համբերեք, մենք բանակցում ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ ամեն ինչ լավ լինի», շատ լավ տեսնելով, որ ամեն բան տանում է բախման, դեռ հորդորում էին` համբերել, սպասել, որ իրենք, ահա, հարցը կարգավորում են, քիչ հետո Լևոն Զուրաբյանը նրանց ցավով ասել էր. «Ցավում եմ, բայց արդեն ուշ է». պատմում են ականատեսները:
Այնպես որ, բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ ասել է միջազգային հանրություն, լինի «հյուսիսային», թե «արևմտյան»:
ՈՒ հիմա, այս ամենից հետո, արժե՞ ունկնդրել իշխանության բացատրությունները-պատճառաբանությունները, թե բա չեք ասի` երկակի ստանդարտներ են կիրառում Հայաստանի նկատմամբ: Իհարկե, կիրառում են: ՈՒ կիրառելու են:
Բա իհարկե, Ալիևը դարձավ Թուրքմենբաշի. ինչքան սիրտն ուզի` կընտրվի, ու նրան Սպիտակ տանն անհամբեր կսպասի Օբաման ինքը: Իսկ ահա խեղճ Բատկային` նույն Լուկաշենկոյին, զրկեցին եվրոպաներում «ֆռֆռալու» խոր հաճույքից: Իսկ Ալիևին թույլ են տալիս իր անձնական «նավթադոլարները» պահել հենց ամերիկյան բանկերում, ու որևէ մեկի մտքով չի անցնում սառեցնել դրանք (հասկանում եք, Ադրբեջանում նույնիսկ ընդդիմություն չկա, իսկ այ մենք ԵԽ-ում կարող ենք զրկվել ձայնի իրավունքից):
Ընդ որում, հակառակ իշխանության միջնորդավորված հակադարձումներին, ընդդիմությունը, ի դեմս Տեր-Պետրոսյանի, այս անգամ շատ ավելի ճկուն գտնվեց: Ասենք անկեղծ` հոկտեմբերի 17-ի միտինգային ելույթի համեմատությամբ (այդ ելույթը շատ էր պրոռուսական) դեկտեմբերի 21-ի ելույթը բավականին կառուցողական, բալանսավորված, իսկական առաջին նախագահի ելույթ էր: «Պապայական» էր:
Տեր-Պետրոսյանը, փաստորեն, լուֆտ թողեց, որպեսզի այնտեղով Սերժ Սարգսյանը շատ քաղաքավարի ու արժանապատիվ անցնի. ազատի տղաներին, կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա:
Իհարկե, կարելի է ռոմանտիզմով տառապել և էլի ու էլի հավատալ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում` «անկեղծ երկխոսություն սկսել» ընդդիմության հետ: Բայց դե...
Ընդ որում, Տեր-Պետրոսյանն այս ելույթով ներքին, աննկատ հաշվարկ է անում Սերժ Սարգսյանի համար:
Մինչ այդ` փոքրիկ անդրադարձ Սերժ Սարգսյանի հաշվարկին. Սերժ Ազատիչի մաքսիմում հաշվարկը հետևյալն է` կարողանալ այս անգամ ևս «պլստալ» և չստորագրել «ռամըչնին» ու ժամանակ շահել:
Եվ, ընդհանրապես, քաղբանտարկյալներն Արևմուտքի համար լոկ միջոց են, և Արևմուտքը դեռ շատ կցանկանա, որ Սերժ Սարգսյանը նրանց չազատի, որպեսզի նրա վրա առավել քաղաքական լծակներ կիրառի, քան տնտեսական. տոտալ ճգնաժամի այս պայմաններում «հումանիտար աղետ» Կովկասում, վրացական բլիցկրիգ Արևմուտքին պետք չէ այսօր:
Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանն աչքի առաջ ունի նաև մինիմում տարբերակը. իրադարձությունների այնպիսի զարգացում, որոնց դեպքում ինքը ստիպված կլինի... ստորագրել «ռամըչնին: Իսկ «ռամըչնին», բոլոր դեպքերում փաստաթուղթ չէ, այլ «թուղթ» է (ականջը կանչի Նալբանդյանի)։
Ստորագրման առիթով (բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է ուժեղ լինել և լուծել ղարաբաղյան խնդիրը) Տեր-Պետրոսյանը Սերժ Ազատիչին շատ նուրբ հասկացնում է. «Հայաստանի իշխանական համակարգի և տնտեսական վերնախավի միակամությունը, միջազգային հանրության վերաբերմունքը և, մանավանդ, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կրավորական դիրքորոշումն անհնար են դարձնում Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ ժողովրդական ընդվզման հզոր ալիք բարձրացնելու խնդիրը։ Ավելին, եթե դա անգամ հնարավոր լիներ, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդական ընդվզման ալիքը կարող է երկար տևել և, մանավանդ, ուղեկցված տնտեսական ճգնաժամի բարդություններով, տակնուվրա անել երկիրը, որից չի հապաղի օգտվել Ադրբեջանը՝ Ղարաբաղի հարցը պատերազմի միջոցով լուծելու համար։ Չպետք է մոռանալ, որ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերումները համընկնում են Ադրբեջանում ստեղծված հենց այդպիսի խառնակ իրավիճակների, այն է՝ իշխանության Մութալիբովից-Էլչիբեյին և Էլչիբեյից-Ալիևին անցման ցնցումային ժամանակների հետ։ Մենք դաշնակցություն կամ ԱԺՄ չենք, որ երկրի գլխին կանգնած վերահաս վտանգի պահին ապակայունացնող մեր գործողություններով խորացնենք այդ վտանգը»:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը սրանով ստանում է նաև ընդդիմության «աջակցությունը», եթե ինչ-որ «իքս» պահի որոշի` հարցը լուծել, ինչ-որ բան ստորագրել:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը ներքին ստատուս-քվոն կարգավորելու, այն իր օգտին փոխելու «ոսկե» ժամանակահատվածը կորցրեց. դա այն պահն էր, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե դադարեցնում է մասսայական միջոցառումները: Այդ ժամանակ Սարգսյանն արտաքաղաքական բարձր «պոլյոտի» մեջ էր, և նրա «իմիջավեկտորը» բավականին բարձր նիշ էր գրանցում, կարող էր համաներման հրաման արձակել (խոնարհաբար խնդրում ենք` դատական պրոցեսի «չավարտը» պատրվակ մի բռնեք, դա «կոմպենսացրեք` «քաղաքական կամք» գործառույթով):
Բայց «արծաթը» դեռ Սերժ Սարգսյանի ձեռքում է:
Այն է` նույնքան արժանապատիվ և քաղաքավարի նա աջ ձեռքով արձակում է տղաներին, համաներման հրաման է արձակում: Մինչ Նոր տարի:
Մի ասեք` ռոմանտիզմ է. բայց` ձախով էլ Աղվան Հովսեփյանին ազատում է զբաղեցրած պաշտոնից, հազար պատճառով, բայց նախ և առաջ` Քոչարյանի հետ այս ողջ ճաշը եփելու համար, ապա և այն պատճառով, որ ԵԽԽՎ-ի մոնիտորինգային խմբի առաջարկների ամենամեծ պատասխանատուներից մեկը հենց Հովսեփյանն է, ինչը դեռ կապացուցվի` «Յոթի» դատավարության ժամանակ:
Ընդ որում, Սերժ Սարգսյանի «ձախձեռքային» այս մի շարժումը շատ ավելի կարևոր կլինի, քան համաներումն ինքնին, որի մասին այնքան խնդրեցինք, հորդորեցինք... «օրինա՜կ ծառայեցինք»:
Որովհետև դա ապացուցելու է` Սերժ Սարգսյանն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին և, վերջապես, պահպանում է իր երբեմնի բրենդը` ժամանակին առաջ գալ և նույնքան ժամանակին հետ նահանջել: Եվ վերջապես, այդ քայլով Սերժ Սարգսյանն ապահովելու է համակարգային փոփոխությունների խոստացված, մի քանի քայլից հետո կանգ գրանցած գործընթացի շարունակականությունը (նկատի ունենք Վահրամ Բարսեղյանի, Գրիգորի Սարկիսովի պաշտոնանկությունները, որոնք ժամանակին` Սերժ Սարգսյանից լուրջ քայլեր սպասողներին գրեթե խիզախում թվացին):
Այնպես որ, խաղը բոլորինս է, ու սպասումներն էլ դեռ շատ մեծ են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3401

Մեկնաբանություններ